| |
 Շվեյցարիան Եվրոպայում համարվում է մինիատյուր երկիր: Այս մեկ երկրի շրջանակներում տեղավորում է ամբողջ մայրցամաքի առանձնահատկությունները` առաջարկելով բոլոր այդ գրավչությունների յուրօրինակ բազմազանությունը, որոնք ստեղծվել են բնության և մարդու կողմից:
Իսկ երկրի օրինապահության և հասարակական տրանսպորտի գերազանց համակարգի շնորհիվ` այս ամենը հեշտ հասանելի են բոլորին և հատկապես նրան, ով այստեղ գալիս է հանգստանալու:
Սակայն հեծանիվը, որպես տուրիստներին տեղափոխման միջոց, ունի առանձնահատուկ գրավչություն: Միայն այսպես կարելի է ցանկացած արագությամբ, անհոգ դիտել բազում գեղատեսիլ վայրեր և զգալ Շվեյցարիայի կոլորիտն ու յուրօրինակությունը, երկիր, որտեղ հեծանվային տուրիզմը զարգացած է առավել, քան որևէ մեկ այլ երկրում, իսկ հեծանիվը ճանապարհորդների համար հանդիսանում է հանրային փոխադրամիջոց:
Հեծանվային տուրիզմն իրենից ներկայացնում է հեծանվով ճանապարհորդություն հարթավայրերով և կտրտված տեղանքներով: Հեծանվային տուրիզմը մեզ հնարավորություն է տալիս միշտ գտնվել լավ սպորտային վիճակում: Ու բացի այդ այն թույլ է տալիս վայելել նոր բնապատկերներ, այցելել գողտրիկ քաղաքներ: Հեծանվային տուրիզմը սպորտային տուրիզմի «Էկոլոգիապես մաքուր» տեսակն է. այն թույլ կտա արագ տեղափոխվել տարածության մեջ, քան օրինակ ոտքով տեղաշարժը (թրեքինգ): Սովորաբար հեծանվային տուրիզմի երթուղիները նախապատրաստվում են նախօրոք:
Լեռնային հեծանիվը շարունակում է մնալ ժամանակակից սպորտի տեսակ, սակայն կարելի է սովորական հեծանիվներով դուրս գալ նաև ընտանեկան զբոսանքի: Հեծանվային հստակ նշված երթուղիներ գոյություն ունեն Վալեյում, դրանք ավելի քան 190 կմ երկարությամբ ճանապարհներ են՝ ընկած Ռոն գետից մինչև Ժնևի լիճ, սրանցից շատերը անցնում են Ռոնի ափով և հարևան գողտրիկ հովիտներով. սա մի առանձնահատուկ հաճույք է: Առավել կոփված զբոսաշրջիկների համար կան կտրտված տեղանքներով երթուղիներ, որոնցից շատերն անցնում են Վալե կանտոնի լեռներով. այստեղ, իհարկե, շատ ավելի հարմար է լեռնային հեծանիվը: Այսպիսի երթուղիները նաև հատուկ հարմարեցված են տեղանքին:
Հաճախ ճանապարհորդներն ընտրում են 2-10 օրով երկանգամյա սննդով երթուղի՝ 2, 3 կամ 4 աստղանի հյուրանոցներում, նրանց տրամադրվում է ուղեբեռի տեղափոխում մի կետից մյուսը և սպասարկում` ճանապարհին հեծանիվների անսարքությունների դեպքում: Դրա համար երկրում կան գործընկերներ, որոնք կարող են օգնության հասնել ցանկացած պահի: |
|